Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում» թեմայով, որին մասնակցում էին «Կանանց աջակցման կենտրոն»-ի ղեկավար Մարո Մաթոսյանը, «Կանանց աջակցման կենտրոն»-ի ներկայացուցիչ, Հասմիկ Գևորգյանը և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն, որով տեղեկացնում էր կնասպանության մասին։ Համաձայն հաղորդագրության՝ նոյեմբերի 11-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 20-ամյա Քրիստինե Իսկանդարյանին։ Ոստիկանությունը պարզել է, որ Քրիստինեին ծեծի է ենթարկել զուգընկերը՝ Իլլարիոն Նունուշյանը՝ կնոջը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Բռնություն գործադրած անձը նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց է թողնվել, իսկ ծեծի ենթարկված կինն ի վիճակի չի եղել բացատրություն տալու և դեպքի հաջորդ օրը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Զարուհի Հովհաննիսյանը, Մեդիա կենտրոնի քննարկմանը անդրադառնալով այս դեպքին, ասաց, որ սա եզակի երևույթ չէ և մեր հասարակության մեջ կանայք բռնության են ենթարկվում ոչ միայն տանը, այլև հանրային վայրերում և աշխատավայրում:
«Քրիստինեի սպանությունն, ի թիվս կնասպանության մյուս բոլոր դեպքերի, պետության կողմից կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունից և չարաշահումից պաշտպանելու պարտականության իրականացման բացակայության հետևանք է: Քրեական գործը հարուցվել է միայն կնոջ մահվանից հետո, եթե չլիներ մահվան դեպք, մենք չգիտենք արդյոք քրեական գործ հարուցվելու էր, թե ոչ, հասարակությունը իմանալու էր նման սահմռկեցուցիչ ծեծի մասին, թե ոչ»,-ասաց Հովհանիսյանը:
Նա նշեց, որ մենք գործ ունենք լուրջ խնդրի հետ, որը մինչև վերջ գիտկացված չէ . «Այն օրենքը, որ ընդունել ենք, այնպես է խեղաթյուրված, որ ամենևին չի աջակցում ընտանեկան բռնության ենթարկվածին և չի ապահովում զոհերի պաշտպանությունը»:
Մարո Մաթոսյանն էլ ընդգծեց, որ օրենքը լղոզված է, քանի որ «պահպանողականները» միջամտեցին, ձևափոխեցին օրենքը և այսօր մենք չունենք խիստ օրենք, որով կարող ենք բռնարարին պատժել:
«Քրեական օրենսդրությունն էլ համապատասխան չէ այս օրենքին, և կարքի կա ընտանեկան բռնության դեմ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու»:
Հասմիկ Գևորգյանն էլ նշեց, որ օրենքով նախազգուշացումը անթույլատրելի է. «Երբ որ դու տարիներ շարունակ բռնություն իրականացրած բռնարարի ընտանիք ես մտնում ու տալիս նախազգուշացում, դա շատ ավելի ռիսկային է, նախազգուշացման արդյունքում ունենալու ենք ավելի վատ դեպքեր: Իսկ անհետաձգելի միջամտությունը իրավապահ մարմիններում չի ընկալվում, որ պետք է տրվի անհապաղ»: