Հայերեն

    Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նարինե Դանիելյանի սպանության գործով դատաքննությունը։ Հուլիսի 11-ի նիստում տուժողի իրավահաջորդը դատարան ներկայացրեց միջնորդություն՝ Նարինե Դանիելյանի լեզվակի վնասվածքի վերաբերյալ փորձաքննություն անցկացնելու մասին: Նաև՝ դատարանը քննեց մեղադրյալ Արթուր Մելիքսեթյանի համար  ծանրացուցիչ և մեղմացուցիչ հանգամանքները: Դատարանը որոշեց, որ երկու անչափահաս երեխայի առկայությունը մեղմացուցիչ հանգամանք է: Որքան էլ  տարօրինակ է, բայց անչափահաս երեխաների առկայությունը հայաստանյան արդարադատության համակարգում մշտապես մեղմացուցիչ է դիտարկվում, անգամ այն դեպքերում, երբ ամուսինները վաղուց ամուսնալուծված էին ու ամուսնու կողմից կնոջը սպանելուց հետո երեխաները գտնվում են կնոջ հարազատների խնամքի տակ։ Բավարար է հիշել Հեղինե Դարբազյանի սպանության գործով դատավճիռը, երբ նախկին կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանին, դանակի 30 հարվածով սպանած 39-ամյա Արտակ Առաքելյանը դատապարտվեց 11,5 տարվա ազատազրկման, իսկ մեղմացուցիչ հանգամաք համարվեց անչափահաս երեխաների առկայությունը, թեև նրանք գտնվում էին Հեղինեի եղբոր խնամքի տակ։ Այժմ ևս, արդարադատությունը շարժվում է նույն ճանապարհով։

    Հիշեցնենք, որ Նարինե Դանիելյանի ամուսնուն՝ Արթուր Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետով՝ սպանություն։Երևանի 38-ամյա բնակիչ Նարինե Դանիելյանն ամուսնացել է 14 տարեկանում: Ամուսնական համատեղ կյանքի 25 տարիների ընթացքում ամուսինը՝ 42-ամյա Արթուր Մելիքսեթյանը, անընդմեւ հալածել է կնոջը: Երկու անգամ սպանության փորձ է կատարել, ապա  2016 թվականի սեպտեմբերի 19-ին սպանել է կնոջը՝ մարմինը նետելով ջուրը: Վերջին վեճից հետո Նարինեն հստակ որոշել էր հեռանալ բռնարար ամուսնուց:

    Գործով հաջորդ դատը տեղի կունենա հուլիսի 31-ին ժամը 13:00-ին: