Հայերեն

    Դեկտեմբերի 24-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանը 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտեց 51-ամյա Վոլոդյա Մուրադյանին, ով պարբերաբար իր կնոջը` 35-ամյա Դիանա Նահապետյանին ընտանեկան բռնության ենթարկելուց հետո 2012թ-ի դեկտեմբերի 4-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում անչափահաս երեխաների աչքի առջեւ դանակի 21 հարվածով դաժանաբար սպանել էր նրան:

    Մոտ երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքի քննության ընթացքին հետեւելով` Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան արձանագրել է, որ դատավարության ողջ ընթացքում փորձ էր կատարվում մեղմել ոճրագործությունը, որի արդյունքում նախապես  «առանձին դաժանությամբ սպանություն» որակված եւ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածը դատախազի կողմից փոխարինվեց ընդամենը 3 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտող մեղադրանքով:

    Դատավորի կողմից նշված սպանության համար նվազագույն պատիժ սահմանելու հիմքում ընկած էր դեպքից երեք տարի անց Էլդա Գրինի կողմից իրականացված երրորդ դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը՝ հիմնված միայն դատապարտյալի ցուցմունքների եւ գործի հանգամանքների վրա, որոնք եւս հիմնավորվել են միայն Մուրադյանի ցուցմունքներով: Հատկանշական է, որ դատավարության սկզբում իրականացված առաջին փորձաքննության արդյունքում ամբաստանյալի վարքը չի բնութագրվել որպես աֆեկտիվ: Եվ միայն ըստ երրորդ դատահոգեբանական փորձաքննության արդյունքների՝ Վ. Մուրադյանը սպանության պահին գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ կումուլյատիվ աֆեկտ:

    Ակնհայտորեն, վերջին դատահոգեբանական փորձաքննությունը արմատապես ազդել է մեղադրյալի դատավճռի վրա, փոխվել է հոդվածը: Միեւնույն ժամանակ միմյանց հակասող փորձաքննության արդյունքները կասկածի տակ են դնում Էլդա Գրինի մենոշնորհային կարգավիճակ ունեցող փորձագիտական կառույցի անաչառությունը եւ անկախությունը:

    Ըստ այդմ, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան իր մտահոգությունն է հայտնում տվյալ կառույցի արդար եւ անկողմնակալ աշխատանքի վերաբերյալ եւ պահանջում համապատասխան մարմիններին պարզաբանել.

    – ինչո՞ւ է տվյալ կառույցը գործում մենաշնորհային հիմունքներով,

    -ինչո՞ւ վերոնշյալ գործի շրջանակներում անցկացված դատահոգեբանական փորձաքննությունները էապես տարբերվում են միմյանցից՝ ուղղակիորեն ազդելով եւ դառնալով վճռորոշ  դատավճիռ կայացնելիս:

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հետամուտ է լինելու տվյալ կառույցի աշխատանքին եւ հնարավորինս հանրայնացնելու է բացահայտումները, քանի որ ընտանեկան բռնության սույն գործի եւ զինվորական այլ գործերի դատավարությունների մոնիտորինգը ցայտուն կերպով ապացուցում է կառույցի կողմնակալ,  միանձնյա եւ անբեկանելի աշխատելաոճը՝ անմիջականորեն ազդելով ՀՀ արդարադատության համակարգի վրա:

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կոչ է անում ՀՀ արդարադատության եւ դատական համակարգին՝

    • Ամբողջական, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնել ընտանեկան բռնության դեպքերով` բացառելով քննություն իրականացնող մարմիններում ընտանեկան բռնության ենթարկված անձանց եւ/կամ նրանց հարազատների նկատմամբ խտրական, կանխակալ վերաբերմունքը եւ դադարեցնելով ընտանեկան բռնության ենթարկված անձանց դիմումների դեպքում գործը ի վնաս տուժողի լուծելու արատավոր պրակտիկան:
    • Ձեռնարկել համապատասխան միջոցներ պետական մարմիններում ընտանեկան բռնության ենթարկված անձանց եւ/կամ նրանց հարազատների նկատմամբ խտրական վերաբերմունքը կանխելու համար, այդ թվում` ոստիկանության եւ դատախազության մարմիններում ծառայողների, դատավորների վերապատրաստումների, իրազեկումների եւ այլ միջոցներով:
    • Ընտանեկան բռնության դեպքերի քննության ընթացքում իրականացնել համակողմանի ուսումնասիրություն, իսկ կայացված որոշումներում կարեւորել նաեւ նմանօրինակ դեպքերի կանխարգելումը:

    ՀՀ Ազգային ժողովին՝

    • Ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող համապարփակ օրենսդրություն: