Հայերեն

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ «Կանանց աջակցման կենտրոնում» փետրվարի 2-ին կայացավ չորրորդ դասընթացը՝ սոցիալական աշխատողների համար։ Դասընթացին մասնակցում էին Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժնի սոցիալական աշխատողները։ Դասընթավարներ Նարինե Մանուկյանն ու Նինա Քանքանյանը ներկայացրեցին Ընտանեկան բռնության արմատներն ու առանձնահատյությունները, բռնության տեսակները, զոհի և բռնարարի կերպարը, մանարամասն կանգ առան հոգեբանական տրավմա հասկացության ու դրա դրսևորումների վրա, անդրադարձան զոհի հետ աշխատանքի առանձնահատկություններին, ուղղորդման մեխանիզմներին։

    Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատակիցները առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեցին կարծրատիպերին ու բռնության մշակույթին. «Քանի մեր դասագրքերը, հեռուստացույցը, մանկապարտեզների դաստիարակները կրկնում են կործանարար կարծրատիպերը և ամրապնդում են անհավասարությունը տղաների և աղջիկների միջև, մենք չենք տեսնի դրական փոփոխություններ»:

    Այդպիսով սոցիալական աշխատանքը բարդանում է, երբ ամենուր գործում են կարծրատիպերը։ Մեկ այլ մասնակից նշեց, որ պետական ռեսուրսները ավելի ճիշտ կլինի ծախսել ոչ թե արձագանքման վրա, այլ կանխարգելման վրա, որովհետև դա ավելի արդյունավետ ռազմավարություն է երկարաժամկետ կտրվածքում: Մասնակիցներին հետաքրքրում էր նաև ապաստարանների մասին օրենքի դրույթները, դրանց աշխատելու հիմունքները: Մասնավորապես, մասնակիցներին հետաքրքրում էր ապաստարաններում կանանց հետ տարվող աշխատանքը: Նրանք նաև հարցեր էին տալիս «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի մեխանիզմների հետ կապված։

    Նշենք, որ դասընթացն իրականացվում է «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի հաշվետու սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից և իրականացվելու է 2017-2019 ժամանակահատվածում։

    Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել բնակչության առավել խոցելի խմբերի պաշտպանությանը Հայաստանում՝ բարձրացնելով գործող սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը։ Մասնավորապես, ծրագրի թիրախում ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում տեղի ունեցող խոշոր բարեփոխումներն են՝ համալիր սոցիալական ծառայությունների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, գենդերային հավասարության բնագավառներում։

    Ծրագիրը նախատեսում է քաղաքացիների շրջանում ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ շարունակական իրազեկումների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնագետների քաղաքականության մշակման գործընթացում մասնակցության համար անհրաժեշտ կարողությունների ամրապնդման և զարգացման միջոցով նպաստել սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման մասնակցային, ավելի արդյունավետ գործող և պատասխանատու միջավայրի ձևավորմանը, որտեղ ինչպես առանձին քաղաքացիներն, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կլինեն տեղի ունեցող բարեփոխումների անմիջական մասնակիցներ։