ՄԱԿ-ի հետազոտությունների համաձայն՝ Հայաստանում կանանց 60% -ն առնվազն մեկ անգամ ենթարկվել է այս կամ այն տեսակի բռնության:

Նույնիսկ ընտանեկան բռնության դեպքերը հանցավոր լռության չմատնելու քաղաքականության պայմաններում, ներկայումս Հայաստանում բացակայում է ընտանեկան բռնության ենթարկվող անձի պաշտպանությանն ուղղված համապատասխան միջոցառումների համակարգված կիրառությունը:

Ընտանեկան բռնությունն իրական գործողությունն է կամ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության սպառնալիք մի անձի կողմից մյուսի նկատմամբ, ում հետ անձն ունի ընտանեկան, ինտիմ կամ նմանատիպ այլ հարաբերություններ:

Լայն տարածում ունի այն գաղափարը, որ այս ոլորտում իրավապահները ևս անօգնական են, միևնույն ժամանակ՝ բացակայում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց պատրաստակամությունը սկզբունքորեն պայքարելու սեփական քաղաքացիական իրավունքների համար, սակայն չնայած բոլոր դժվարություններին և իրական խնիրներին, այստեղ հիասթափությունը չպետք է տեղ գտնի:

Իհարկե, օրենսդրական բարեփոխումներն անհրաժեշտ են և պետք է կրեն պարբերական բնույթ, սակայն, գտնում ենք, որ երբեմն պարզ անգործությունը կամ պրակտիկ աշխատանքը կազմակերպելու անկարողությունը հաճախ արդարացվում են մեկ այլ՝ «հատուկ» օրենքի անհրաժեշտությամբ:

Չնայած նրան, որ համապատասխան ատյանների կողմից արդեն իսկ տարվում են աշխատանքներ նախագծի մշակման ուղղությամբ, այնուամենայնիվ, նոր օրենքի «ներմուծումը» հնարավոր է միայն այնտեղ, որտեղ առկա են բոլոր ոլորտներում խտրականության դեմ պայքարի պրակտիկ արդյունքներ: Անհրաժեշտ են պետության կողմից իրական պատիժ սահմանող նախադեպեր կատարված ապօրինի գործողությունների համար, իսկ այդօրինակ նախադեպեր հնարավոր է ստեղծել նաև գործող օրենսդրության հիման վրա:

Ակտիվ գործունեության համար գլխավոր շարժառիթ պետք է հանդիսանա այն, որ  գործող ՀՀ Սահմանադրությունը որպես առաջնահերթություն ամրագրում է մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և առաջին հերթին հենց դրան պետք է ուղղված լինեն իրավապահ և դատական մարմինների գործունեությունը: ՀՀ Սահմանադրությունն անմիջականորեն գործող իրավական ակտ է, որին կարող են և պետք է ուղղակիորեն հղում կատարեն ոստիկանությունում, դատախազությունում և դատարանում:

Եթե, օրինակ, վերլուծենք ԱՄՆ-ում «պաշտպանական որոշում»-ների տրամադրման պրակտիկան, ապա պարզ է դառնում, որ այդ փաստաթուղթնն իրավական բնույթով իրենից ներկայացնում է միջանկյալ դատական ակտի տարատեսակ, որն իրապես ապահովում է կոնֆլիկտի կողմերի առանձնացումը միմյանցից: Պաշտպանական որոշման տրամադրմամբ, դատարանը մոտակա ամիսների ժամանակահատվածում կողմերի համար սահմանում է օրինական վարքագծի որոշակի կարգ, ինչով և կանխվում է կոնֆլիկտի հետագա զարգացումը և հնարավոր վատթարագույն հետևանքները:

Այսպիսով, պաշտպանական որոշումն ընդամենը խելամիտ օրեսդրական նախադրյալ է կոնֆլիկտային իրավիճակը քաղաքակիրթ ձևով հազթահարելու համար: Ընտանեկան բռնության մասին ահազանգող և դրա հաղթահարմանը նպաստող միջանկյալ դատավարական ակտեր ընդունելու համար անհրաժեշտ նորմեր գոյություն ունեն նաև մեր օրենսդրությունում, որոնց ռեալ և ակտիվ կիրառությունը թույլ կտա արդեն այսօր զգալիորեն նվազեցնել ընտանեկան բռնության դեպքերը:

Էլինա Դանիելյան

Օգտագործված գրականություն, կայքեր

«Ընտանեկան բռնություն» ձեռնարկ ոստիկանների համար, Երևան 2015թ.,
psy-help.jimdo.com
newsarmenia.am/news/society/semeynoe-nasilie-v-armenii-slomannye-sudby-i-ugroza-strane
politkor.narod.ru