Մայիսի 16-ին, Գյումրու «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ ասուլիս՝ «Յոթ վավերագրական ներկայացումը՝ Գյումրիում» թեմայով։ Ասուլիսը նպատակ ուներ իրազեկելու հանրությանը մայիսի 20-ին, ժամը՝ 18։00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայանլիք «Յոթ» ներկայացման մասին։ Ասուլիսին մասնակցում էին «Յոթ վավերագրական ներկայացումը՝ Հայաստանում» ծրագրի պատասխանատու Մարիամ Կուրշուդյանը, Գյումրու մանկավարժական համալսարանի կրթության, գիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան՝ Անահիտ Ֆարմանյանը, Ագաթ ՀԿ-ի շահառու՝ Աստղիկ Եղիազարյանը , Արաքս ՀԿ-ի հիմնադիր և գործարար կին՝ Ալլա Խաչատրյանը:
Ասուլիսի մասնակիցներից երեքը հանրային մարդիկ են Գյումրիում և “Յոթ” վավերագրական ներկայացման դերակատարներից են։
Ինչպես ասուլիսի ժամանակ նշեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ Մարիամ Կուրշուդյանը․ «Մենք տեսնում ենք Գյումրիում բազմաթիվ խնդիրներ, կլինի դա կանանց հանդեպ բռնությունը, հաշմանդամություն ունեցող մարդկան առկայությունն ու ոչ ներառվածությունը հասարակական կյանքում, և այդ իսկ պատճառով որոշեցինք բեմադրել այս ներկայացումը հենց Գյումրիում»։
«Յոթ»-ը նորարարական վավերագրական ներկայացում է՝ հիմնված յոթ կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների հետ անցկացրած հարցազրույցների վրա, որոնց դժվարություններով լի կյանքի և պայքարի պատմությունները ոգեշնչման աղբյուր են։
«Յոթ» ներկայացման դերակատարներից մեկը՝ Անահիտ Ֆարմանյանը նշեց․ «Ներկայացումը արդարության, ազատության և հավասարության մասին է, և դերը, որը ես կրկնօրինակելու եմ՝ Ֆարիդա Ազիզինն է՝ Ավղանստան»։
Ալլա Խաչատրյանը, որը մարմնավորելու է Մարինա Պիսկլակովայի դերը նշում է․ « Նա թեժ պայքարների և խոչընդոտների միջով անցնելով հիմնում է առաջին թեժ գիծը Ռուսաստանում, և իր գործունեության ընթացքում կարողացել է օգնել և աջակցել հարյու-հազարավոր կանանց»։
«Յոթ»-ը թատերական ընթերցումները նախաձեռնված է 2008 թվականից՝ թատերագիր և պրոդյուսեր Հեդդա Կրասց Սյոգրենի կողմից։
2009 թվականից սկսած, ներկայացումն իրականացվել է 30-ից ավելի երկրներում, այդ թվում, Աֆղանստանում, Սերբիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Վրաստանում և այլուր։ Թարգմանվել է ավելի քան 27 լեզուներով։Այժմ «Յոթ»-ը կհնչի հայերեն՝ Գյումրիում։
Ներկայացման մուտքն ազատ է, տարածքը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձնանց համար, ներկայացման ժամանակ կլինի նաև ժեստերի լեզվով թարգմանություն։