«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտություն

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտություն

Բեռնել զեկույցը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան իրականցրել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտություն։

Գենդերային հավասարությունը, որպես հիմնարար սկզբունք, մարդու իրավունքների անբաժանելի մասն է և հանդիսանում է ժողովրդավարական պետության հիմնարար հատկանիշներից մեկը: Գենդերային հավասարություն նշանակում է հավասար հնարավորություններ կանանց և տղամարդկանց համար, որն ապահովված է ինչպես իրավական ակտերում, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում:

Գենդերային հավասարության վերաբերյալ արդյունավետ օրենսդրությունն էական նշանակություն ունի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման, ինչպես նաև սեռի հիմքով խտրականության դրսևորումները կանխելու համար: Գենդերային հավասարության օրենսդրությունը պետք է ապահովի, որ բոլոր քաղաքականությունների մշակման ժամանակ հավասարապես հաշվի առնվեն տղամարդկանց և կանանց իրավունքներն ու շահերը: Վերջին տասնամյակներում բազմաթիվ պետություններ, ընդունելով համապատասխան նորմատիվ իրավական ակտեր, միջոցներ են ձեռնարկել կանանց և տղամարդկանց միջև ֆորմալ (de jure) հավասարությունն ապահովելու համար: Այնուամենայնիվ, կանանց և տղամարդկանց միջև անհավասարությունը շարունակում է գոյություն ունենալ ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր ոլորտում:

Հայաստանի Հանրապետությունը 2013 թ. մայիսի 20-ին ընդունել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը: Վերջինս կարևոր իրավական փաստաթուղթ է սեռի հիմքով խտրականության դեմ պայքարի նյութաիրավական բազան ապահովելու տեսանկյունից: Այնուամենայնիվ, գենդերային խտրականությունը շարունակում է մնալ մեր հասարակության խնդրահարույց հարցերից մեկը:

Սույն իրավական–հետազոտական վերլուծության նպատակն է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթների և դրանց կիրառման վերաբերյալ՝ վեր հանելով իրավական բացերն ու խնդիրները: Վերլուծության արդյունքում կատարվել են առաջարկություններ՝ օրենսդրության և դրանով պայմանավորված իրավակիրառ պրակտիկայի բարելավման ուղղությամբ, որոնք կարող են օգտակար լինել ոլորտի քաղաքականությունը մշակող դերակատարների և որոշում կայացնող մարմինների համար: