«Լռեցված ձայներ». կնասպանությունը Հայաստանում

«Լռեցված ձայներ». կնասպանությունը Հայաստանում

Բեռնել զեկույցը

Զեկույցը նվիրվում է կնասպանության զոհ դարձած կանանց, որոնք ողբերգական հանգամանքներում սպանվել են իրենց զուգընկերների, ընտանիքի անդամների և այլ անձանց կողմից:

Զեկույցում ներկայացված է կնասպանության՝ իբրև հղացքի ուսումնասիրությունն ու ՀՀ-ում 2016-2017 թթ. կնասպանության դեպքերի վերլուծությունը:

Սույն փաստաթղթի նպատակն է պետական համակարգին և լայն հանրությանը ծանոթացնել կնասպանություն երևույթին, պատճառներին, ինչպես նաև ներկայացնել կնասպանության և ընտանեկան բռնության միջև առկա կապը: Զեկույցի շրջանակներում անդրադարձ կկատարվի 2016-2017 թթ. սպանված կանանց պատմություններին՝ ներկայացնելով կնասպանության գործերով դատական ակտերը, ինչպես նաև վեր կհանվեն օրենսդրական և իրավակիրառ համակարգում առկա իրավական բացերը։

Այս զեկույցը թվով երկրորդն է, որ անդրադառնում է կնասպանության հիմնախնդրին Հայաստանում։ 2016 թ. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ջանքերով մշակվեց Հայաստանում կնասպանության վերաբերյալ առաջին զեկույցը, որն անդրադարձավ 2010-15 թթ. կանանց սպանություններին ներկայիս կամ նախկին զուգընկերների կողմից: Սույն զեկույցն անդրադառնում է 2016-17 թթ. կնասպանության դեպքերին, մասնավորապես՝ գործերի դատավարությանը և արդարադատության հասանելիությանը, ինչպես նաև՝ կնասպանության երևույթի համակարգային և խորն արմատացած պատճառներին:

Զեկույցը բաղկացած է 4 հիմնական հատվածից: Առաջին մասում անդրադարձ է կատարվում զեկույցի մշակման մեթոդական և մեթոդաբանական հիմքերին, մասնավորապես՝ հետազոտության նպատակին, խնդիրներիը և տեղեկատվության հիմնական աղբյուրներին: Երկրորդ հատվածում դիտարկվում են կնասպանության երևույթի հայեցակարգային խնդիրներն ևընդգրկման տիրույթները: Այս գլխի շրջանակներում ուսումնասիրվում են նաև կնասպանության արմատական պատճառները, տեսակները և տարբեր դրսևորումները: Զեկույցի երրորդ հատվածում ներկայացվում են 2016-2017 թթ. ՀՀ-ում տեղի ունեցած կնասպանության դեպքերը։ Դրանց վերլուծության միջոցով բարձրաձայնվում են այն կանանց պատմությունները, որոնք զրկվեցին սեփական կյանքից ուժի և իշխանության անհավասարության, արմատացած կարծրատիպերի և համընդհանուր թողտվության պատճառով: Յուրաքանչյուր պատմության շրջանակներում ներկայացվում է դատաիրավական համակարգի արձագանքը հանցագործությանը: Զեկույցը ամփոփվում է առաջարկներով, որոնք կօգնեն քաղաքականություն մշակողներին և լայն հանրությանն առավել հասցեական և թիրախային քայլերի միջոցով ազդեցություն ունենալ կնասպանության պատճառների վրա: