«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան՝ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ մեկնարկել է ընտանեկան բռնության դատական գործերի համապարփակ մշտադիտարկման ծրագիրը։

Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվելու են 2021-2022 թվականների ընթացքում ընտանեկան բռնության դատական  գործերը՝ դատաքննության ընթացքում, իրականացվելու են խորքային հարցազրույցներ տուժողների և նրանց իրավահաջորդների, ինչպես նաև տուժողների շահերի պաշտպանների՝ փաստաբանների հետ։

Մշտադիտարկման համար մշակված գործիքակազմը հարմարեցված է գենդերազգայունության և ընտանեկան բռնության օրենքի կիրարկման տեսանկյունից։ Մշակվել են հատուկ հարցաշարեր՝  խորքային հարցազրույցների յուրաքանչյուր խմբի համար։

Մշտադիտարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում դատական նիստի ընթացքում կողմերից որևէ մեկի հնչեցրած գենդերային խտրականության, կարծրատիպերի և նախապաշարմունքների վրա հիմնված հարցերի, տեսակետների, ռեպլիկների, վիրավորական արտահայտությունների և դրանց հնարավոր ազդեցության վրա՝  դատական նիստի ընթացքի և ընտանեկան բռնության ենթարկված անձի համար։ 

Ծրագրի ավարտին կազմվելու է զեկույց, որն ուղղված կլինի շահագրգիռ մարմիններին։ Ներկայացված առաջարկությունները կնպաստեն խնդիրների հաղթահարմանն ու ոլորտի բարելավմանը։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: